ԱՄՆ-ն և Չինաստանը կերկարաձգեն սակագնային դադարը ևս 90 օրով

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ սպասվող դադարի ժամանակ երկու երկրները պարտավորվում են միմյանց դեմ լրացուցիչ մաքսատուրքեր չկիրառել և այլ միջոցներով չսրել առևտրային պատերազմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. ԱՄՆ-ն և Չինաստանը ևս 90 օրով կերկարաձգեն փոխադարձ մաքսատուրքերի հարցով դադարը Շվեդիայում ընթացող բանակցություններում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով South China Morning Post պարբերականին:
«Սպասվում է, որ Պեկինը և Վաշինգտոնը ևս երեք ամսով կերկարաձգեն մաքսատուրքերի հարցով դադարը Ստոկհոլմում ընթացող առևտրային բանակցություններում, որոնք կսկսվեն երկուշաբթի», - հայտնել են պարբերականի աղբյուրները:
Նրանց խոսքով՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային բանակցությունների երրորդ փուլի ընթացքում կողմերը կքննարկեն հիմնական վիճելի հարցերը, սակայն կոնկրետ տեղաշարժերի չեն հասնի: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ սպասվող դադարի ժամանակ երկու երկրները պարտավորվում են միմյանց դեմ լրացուցիչ մաքսատուրքեր չկիրառել և այլ միջոցներով չսրել առևտրային պատերազմը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կարող է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ:
«Ինչպես գիտեք, մենք համաձայնագիր ենք կնքել Ճապոնիայի հետ, և շատ մոտ ենք Չինաստանի հետ գործարքին ։ Ըստ էության, մենք արդեն որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել Չինաստանի հետ, բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ հետագայում կզարգանա», - ասել Է Թրամփը լրագրողներին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել տարբեր երկրներից ապրանքների ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ավելի քան 75 պետություններ պատասխան միջոցներ չեն կիրառել և բանակցությունների պատրաստակամություն են հայտնել: Այս կապակցությամբ, բացի Չինաստանից, մյուս երկրների համար կրկին սահմանվել են 10% բազային տուրքեր 90 օրյա ժամկետով։
Առևտրային պատերազմի հերթական սրացումից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի փոխադարձ սակագները հասել էին 125%-ի։ Բացի այդ, ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ 20 տոկոսի չափով լրացուցիչ տուրք է կիրառել՝ դա բացատրելով սինթետիկ թմրանյութերի շրջանառության դեմ ՉԺՀ-ի ոչ բավարար պայքարով: