ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) զննել է Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռի «սև արկղերը» և պարզել, որ հրդեհը ոչնչացրել է մագնիսական ժապավենը, խոսքային ինքնագրիչի տեղեկատվությունը պահպանվել է։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ հետաքննության նպատակով մեր մասնագետները գիշերվա ընթացքում կատարել են բարձր ջերմաստիճանի ազդեցության հետքեր ունեցող տարաներից տեղեկատվության կրիչների զննման, բացման և դուրս բերման աշխատանքներ: Պարամետրային տեղեկատվության կրիչը (մագնիսական ժապավենը) ոչնչացվել է հրդեհից, խոսքային ինքնագրիչի տեղեկատվությունը պահպանվել է», - ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 25-ին կոմիտերի նախագահ Օլեգ Ստորչևոյը Տինդայում օպերատիվ հանդիպում է անցկացրել Ան-24 ինքնաթիռի վթարի հետաքննության հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են ավիացիոն իրադարձության նախնական տվյալները, մշակվել են միջոցառումներ և գործողությունների ալգորիթմ:
Հիշեցնենք` իրավապահ մարմինները հուլիսի 24-ին հայտնեցին, որ Բլագովեշչենսկից Տինդա չվերթ իրականացնող Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կապի դուրս չի գալիս: Օդանավի բեկորներն ավելի ուշ հայտնաբերվեցին Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ ինքնաթիռի հետ կապը կորցնելու վայրում: ՌԴ ՔԿ–ն հայտնեց, որ օդանավում գտնվող բոլոր անձինք` 43 ուղևորները (այդ թվում՝ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամները մահացել են: Քննչական կոմիտեի և դատախազության տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է Տինդայում վայրէջք կատարելիս երկրորդ մոտեցման ժամանակ։
Քրեական գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և ինքնաթիռի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։