ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը «նշանակություն չունի», սակայն Ֆրանսիայի նախագահին անվանել է «լավ տղա»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը:
«Այն, ինչ նա ասում է՝ նշանակություն չունի։ Դա ոչինչ չի փոխի... Նա շատ լավ տղա է: Նա ինձ դուր է գալիս, բայց այդ պնդումը կշիռ չունի», - լրագրողներին ասել է Թրամփը։
Պաղեստին պետությունը ճանաչում են 147 երկրներ, ԱՄՆ-ն դրանց թվում չկա։ 2024 թվականին ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վրա։ 2024 թվականից Պաղեստինը ճանաչել են 10 պետություններ, այդ թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Հայաստանը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: