ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Իրանական կողմը «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության տարածքում ուրանի հարստացումը շարունակելու իր իրավունքի մասին: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին։
Իրանն ու եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը միջուկային խնդրի շուրջ բանակցություններ են անցկացրել Ստամբուլում: Այս հանդիպումն առաջինն էր իրանա-իսրայելական 12-օրյա հակամարտությունից հետո։
«Մենք քննարկել ենք մեր իրավունքը ըստ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, ներառյալ ուրանի հարստացումը, որը պետք է շարունակվի միայն Իրանում»,-ասել է Թախթ Ռավանչին:
Փոխարտգործնախարարը նշել է, որ Իրանի բանակցային խումբն անդրադարձել է նաև Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցին: Նրա խոսքով` իրանական կողմը եվրոպական երեք երկրների ներկայացուցիչներին իր վճռական բողոքն է հայտնել եվրոպական սահմանափակումների վերականգնման հնարավորության վերաբերյալ: