Ֆրանսիան Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն. Մակրոն

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 23-ին հաստատել էր Հորդանան գետի արևմտյան ափին և Հորդանանի հովտի նկատմամբ ռեժիմի ինքնիշխանությունը հաստատելու մասին օրինագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ֆրանսիան Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն, X-ի իր էջում գրել է նախագահ Էմանուել Մակրոնը։
«Այսօր խստորեն անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում և փրկել քաղաքացիական բնակչությանը։ Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, ազատ արձակել բոլոր պատանդներին և զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի բնակչությանը։ Անհրաժեշտ է նաև ապահովել ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը, անվտանգությունն ու Գազայի վերականգնումը»,-գրել է Մակրոնը։
Նա հավելել է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Հիշեցնենք՝ Իսրայելի Քնեսեթը հուլիսի 23-ին հաստատել էր Հորդանան գետի արևմտյան ափին և Հորդանանի հովտի նկատմամբ ռեժիմի ինքնիշխանությունը հաստատելու մասին օրինագիծը։
Իրանն այն համարել է զավթողական և գերիշխող բնույթի ևս մեկ դրսևորում և դատապարտել է այդ քայլը։ Իրանի ԱԳՆ–ի կարծիքով՝ Քնեսեթի կողմից այս որոշման ընդունումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ցեղասպանությունը և Թել Ավիվի կողմից Հորդանանի Արևմտյան ափին մարդու իրավունքների խախտումը խոսում են այն մասին, որ Իսրայելի նպատակը «Պաղեստինի լիակատար ոչնչացումն» է։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Գազայում հումանիտար օգնություն ստանալու ժամանակ սպանված բնակիչների թիվը հասել է 798-ի. ՄԱԿ
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: