ԱՄՆ-ն չի ընդունում Ֆրանսիայի անխոհեմ որոշումը. Ռուբիո

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Ֆրանսիան Պաղեստին պետությունը պաշտոնապես կճանաչի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն չի ընդունում Ֆրանսիայի անխոհեմ որոշումը` կապված Պաղեստին պետությունը ճանաչելու հետ։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը:
«Միացյալ Նահանգները վճռականորեն չի ընդունում Էմանուել Մակրոնի ծրագիրը: Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և հետ է շպրտում խաղաղությունը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերին», - գրել է Ռուբիոն X սոցցանցում։
Պաղեստին պետությունը ճանաչում են 147 երկրներ, ԱՄՆ-ն նրանց թվում չէ։ 2024 թվականին ԱՄՆ-ն վետո դրեց Պաղեստինի` ՄԱԿ լիիրավ անդամակցության վրա։ 2024 թվականից հետո Պաղեստինը ճանաչել են 10 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: