590 հազար դոլարի հափշտակության գործով ձերբակալված ՔԿ պաշտոնյայի խափանման միջոցը փոխվել է

Գոռ Թադևոսյանը. Արխիվային լուսանկար
Դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոքի հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։ Spuntik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազությունից, որ Թադևոսյանի նկատմամբ համակցված խափանման միջոց է կիրառվել՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Հավելեցին՝ դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:
Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։