ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն դատապարտել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) Հորդանան գետի Արևմտյան ափին և Հորդանանի հովտի շրջանին Իսրայելի ինքնիշխանությունը տարածելու որոշումը։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ–ն` Արևմտյան ափին (Հորդանան գետի - խմբ.) և Հորդանանի հովտի նկատմամբ ռեժիմի ինքնիշխանությունը հաստատելու մասին օրինագիծը հաստատելու վերաբերյալ Քնեսեթի գործողությունները համարում է այդ ռեժիմի զավթողական և գերիշխող բնույթի ևս մեկ դրսևորում և դատապարտում է այն», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ–ի կարծիքով՝ Քնեսեթի կողմից այս որոշման ընդունումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ցեղասպանությունը և Թել Ավիվի կողմից Հորդանանի Արևմտյան ափին մարդու իրավունքների խախտումը խոսում են այն մասին, որ Իսրայելի նպատակը «Պաղեստինի լիակատար ոչնչացումն» է։
Իսլամական Հանրապետության ԱԳՆ–ն նաև հիշեցրել է բոլոր կառավարություններին և միջազգային կազմակերպություններին իրենց իրավական, բարոյական և քաղաքական պատասխանատվության մասին՝ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրացման և իսրայելական օկուպացիայից ազատման գործում։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվում են կարճատև զինադադարներով, Գազայի հատվածում խլել են ավելի քան 58 հազար պաղեստինցիների և մոտ 1,5 հազար իսրայելցիների կյանք, ինչպես նաև տեղափոխվել են Լիբանան ու Եմեն և հրահրել Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Դոհայում հուլիսի 6-ին վերսկսվել են Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները: ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջին փուլերն ավարտվել են անարդյունք։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին, Արաբական Հանրապետությունն այլ միջնորդների՝ Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին աշխատում է 60-օրյա հրադադարի ուղղությամբ, որի ընթացքում ենթադրվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը: