ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապել է վերահսկողություն սահմանել Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների նկատմամբ՝ իր շրջապատի մարդկանց հետ կապված հետաքննությունների պատճառով, գրում է Financial Times թերթը։
Հուլիսի 22-ին Գերագույն ռադան հավանություն է տվել հակակոռուպցիոն երկու գերատեսչությունների՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ԱՀԲ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (ՀՀԴ) անկախությունը չեղարկող նախագծին: Այնուհետև օրինագիծը ստորագրվել է Զելենսկու կողմից: Մի շարք ուկրաինացի խորհրդարանականներ օրինագիծը գնահատել են որպես երկրի հակակոռուպցիոն կառույցների վերացում։ Օրվա վերջին ԶԼՄ-ները հաղորդել են Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում և այլ քաղաքներում սկսված բողոքի ակցիաների մասին: Կիևում՝ Զելենսկու նստավայրի հարևանությամբ, տեղի է ունեցել հանրահավաք: Ավելի ուշ ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ պատգամավորները մտադիր են փաստաթուղթը վիճարկել Սահմանադրական դատարանում:
«Ըստ իրավիճակին ծանոթ մի քանի օրենսդիրների և արևմտյան դիվանագետների` հակակոռուպցիոն մարմինները Զելենսկու կողմից նշանակված գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի վերահսկողությանը հանձնելու հապճեպ միջոցառումները ձեռնարկվել են անցած հանգստյան օրերին նախագահի և նրա գրասենյակի ազդեցիկ ղեկավար Անդրեյ Երմակի կողմից։ Ըստ ամենայնի` նման շտապողականությունը պայմանավորված էր Զելենսկու շրջապատի անդամների նկատմամբ իրականացվող հետաքննություններով և իշխանության ազդեցիկ ինստիտուտների նկատմամբ վերահսկողությունն է՛լ ավելի ամրապնդելու ցանկությամբ», - ասվում է նյութում:
Ինչպես հայտնում են արևմտյան լրագրողները, Զելենսկու գրասենյակը պլանավորել է ԱՀԲ-ի և ՀՀԴ-ի լիազորությունները սահմանափակող օրենքի ընդունումն այնպես, որ այն հնարավորինս աննկատ անցնի Կիևի արևմտյան դաշնակիցների համար: Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պատգամավորներին հրահանգվել է որոշակի օրը անպայման ներկայանալ օրինագծի քվեարկությանը և ապահովել դրա ընդունումը։
Արևմտյան լրագրողների տվյալներով՝ օրինագծի այդքան արագ ընդունվելու պատճառն այն էր, որ արդեն առաջին ընթերցումն անցած փաստաթղթում, որն ի սկզբանե ոչ մի կապ չուներ ԱՀԲ-ի և ՀՀԴ-ի հետ, փոփոխություններ կատարվեցին հակակոռուպցիոն կառույցների վերաբերյալ, ինչից հետո այն արագացված ռեժիմով անցավ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:
«Մեծ յոթնյակի» երկրների դեսպանները լուրջ մտահոգություն են հայտնել ԱՀԲ-ի վերաբերյալ Ուկրաինայի անվտանգության ծառայության հետաքննության կապակցությամբ, և նախատեսում են այդ հարցը քննարկել Ուկրաինայի կառավարության ղեկավարության հետ: