ՀԱՄԱՍ–ը շարունակում է հրաժարվել պատանդներին վերադարձնելու գործարքից. Մենցեր

Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է` բանակցությունները կշարունակվեն, քանի որ առաջնահերթությունը մնում է պատանդներին վերադարձնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջվա պես հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիրը, որն առաջարկել են միջնորդները: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենցերը:
«Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պաշտոնական պատասխան է սպասում միջնորդների միջոցով։ Մենք համաձայնել ենք գործարքի պայմաններին, սակայն ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրաժարվել՝ առաջ քաշելով անընդունելի պահանջներ», - հայտարարել է Մենցերը։
Նա հավելել է, որ Իսրայելի պատվիրակությունը շարունակում է աշխատանքը Դոհայում: Բանակցությունները կշարունակվեն, քանի որ պատանդներին վերադարձնելը առաջնահերթություն է։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: