Արծվանիկի պոչամբարում որևէ սեյսմիկ ռիսկ չկա. ԶՊՄԿ

Զանգեզուրի կոմբինատում պոչամբարի հետ կապված վերջին վթարը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ որևէ ռիսկ չի արձանագրվում: Այս մասին լրագրողներին ասաց կոմբինատի բնապահպանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյան
Պոչամբարի տարբեր հատվածներում տեղադրված են սեյսմիկ տվիչներ, որոնց հիման վրա կոմբինատն ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում բոլոր ստորգետնյա ցնցումների և դրանց հետևանքների մասին: Բոլոր այն հատվածներում, որտեղ որևէ ցնցում է արձանագրվել, պոչանքների թափումը ժամանակավորապես դադարեցվում է և իրականացվում են ամրացման աշխատանքներ:
«Վերջին 10 տարում Սյունիքի մարզում մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, բայց մեր ենթակառուցվածքի որևէ էական վնաս չենք արձանագրել»,- նշեց Ծատրյանը:
Երկրաշարժերից բացի, ամրության համար սպառնալիք է նաև պոչանքներում ջրի կուտակումը (հանքաքարի մշակման համար ջուր և ռեագենտներ են օգտագործվում, ուստի ելքային հանքաքարը խոնավ է լինում): Հավաքված ջուրը կարող է ճեղքել պոչամբարի պատնեշը։ Այդ պատճառով Արծվանիկում կան պոմպեր, որոնք ավելորդ ջուրը դուրս են մղում։ Ամբարտակի հուսալիության գնահատում կատարում են ինչպես տեղական փորձագիտական ընկերությունները (Լեռնամետալուրգիական ինստիտուտը), այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունները:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը
Ամեն տարի կոմբինատն ուսումնասիրում է տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհը. առանց այդ ելակետային տվյալների հնարավոր չի լինի ճիշտ իրականացնել պոչամբարի ռեկուլտիվացիան, այսինքն՝ վերականգնել դրա վրա գտնվող հողային և բուսական ծածկույթը:
«Մենք նախապես վերցնում ենք հողի վերին շերտը, այնուհետև այն նորից փռում ենք նույն տեղում՝ նույն բույսերով։ Նախնական վիճակի համեմատ փոփոխություններն աննշան են»,-հավելեց Ծատրյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը
Պոչամբարի հիմնական մասից ջուրն անցնում է ֆիլտրման աշտարակի միջով, այնուհետև թափվում է «նստեցման» լճակ։ Այնուհետև, արդեն մաքրված վիճակում, այն թափվում է Աճանան գետը։ Այստեղ նույնպես ամեն օր նմուշառում է կատարվում ինչպես թափման կետում, այնպես էլ հոսանքն ի վար՝ գետից (այնուհետև այդ ջուրն օգտագործվում է մոտակա գյուղերում՝ ոռոգման համար)։
«Մենք այս դեպքում համեմատում ենք ջրի բաղադրությունը մեր ազդեցությունից առաջ և հետո, և այստեղ տարբերությունը փոքր է։ Երբեմն լինում են նորմայից շեղումներ, որոնք մենք արձանագրում ենք, և եթե պետությունը տուգանք է նշանակում, կոմբինատը վճարում է»,-հավելեց Ծատրյանը։
Պոչամբարը հարստացուցիչ ֆաբրիկայից մոտ 35 կմ է հեռու։ Այնտեղից խողովակաշարերի միջոցով ստացվում է օգտագործած հանքաքարը։ Ամենամեծ վթարը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին (արդյունքում աղտոտվել է Ողջի գետը)։ Դրանից հետո նման վթարներ չեն եղել (միայն փոքր անսարքություններ, որոնք տեղում վերացվել են և արտանետումների չեն հանգեցրել)։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի նստվածքային ավազանը
Ամենօրյա մշտադիտարկում են անցնում նաև խողովակաշարերը․ ներսից դրանք ծածկված են պաշտպանիչ համաձուլվածքի 50– միլիմետրանոց շերտով, բայց դրա վիճակը պետք է անընդհատ վերահսկվի՝ հաշվի առնելով, թե որքան երկար ժամանակ են շահագործվում խողովակները:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի ֆիլտրման աշտարակը
Ներկայում գործարանից դեպի ամբար անցնում են 1000 մմ տրամագծով հիմնական և երկու 720 մմ-անոց պահեստային խողովակաշարերը, բայց կոմբինատում ցանկանում են նոր, 1220 մմ-անոց մայրուղային խողովակաշար անցկացնել։
Արծվանիկի պոչամբարը (ԶՊՄԿ-ի միակ գործող պոչամբարը) գործում է 1977 թվականից, դրա թույլատրելի լցվածությունը ծովի մակերևույթից 1 015 մ նիշն է (ներկայիս մակարդակը մոտ 950 մ է):
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի նստվածքային ավազանը