ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴ–ի և Ուկրաինայի հուշագրերի նախագծերի համաձայնեցման բոլոր աշխատանքները կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպման նախապատրաստություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հաստատել է, որ ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ այսօր երեկոյան նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը։
Պեսկովի խոսքով՝ Ստամբուլում դժվար զրույց է սպասվում, քանի որ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հուշագրերի նախագծերը տրամագծորեն հակառակ են։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը պատրաստ է քննարկել Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման հնարավորությունը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առանց նախնական մեծ աշխատանքի հանդիպում նշանակելը նպատակահարմար չէ։
«Առանց այս բարդ աշխատանքը կատարելու (հուշագրերի նախագծերի վերաբերյալ - խմբ.), դժվար թե նպատակահարմար է հանդիպումներ նշանակել։ Հակառակ դեպքում, այս սև, շատ բարդ և շատ ծավալուն աշխատանքը պետք է իրականացվի ամենաբարձր մակարդակով», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հերթական՝ երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել հուլիսի 23-ի երեկոյան Ստամբուլում։ Թուրքական տեղեկացված աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՌԴ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում բանակցությունները նախնականորեն ակնկալվում է անցկացնել այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին, Չիրագանի պալատում։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում մայիս և հունիս ամիսներին։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում, Մոսկվան նաև զոհված զինծառայողների մարմինները է հանձնել Կիևին։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանակել։