ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ինքնուրույնությունից զրկել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ), որը ստեղծվել է Արևմուտքի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ որպես եվրաինտեգրման պայմաններից մեկը։
Երեկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկություններ և ձերբակալություններ է իրականացրել Զելենսկու կողմից չվերահսկվող ՈւԱՀԲ-ում՝ իր շրջապատի մարդկանց պատկանող ընկերությունների կողմից ԱԹՍ–ների արտադրության և գնման ժամանակ վատնումների հետաքննության պատճառով, և այսօր խորհրդարանը շտապ կարգով օրինագիծ է ներկայացրել, որն ընդունվել է և՛ առաջին, և՛ երկրորդ ընթերցմամբ:
Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից և փաստացի զրոյացնում է բյուրոյի` իշխանության ուղղահայաց պաշտոնյաների դեմ գործելու հնարավորությունները: Ավելի վաղ հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսը Զելենսկուն կոչ էր արել չստորագրել Ռադայի ընդունած օրենքը։ Պաշտոնյան ընդգծել էր, որ հակակոռուպցիոն կառույցների ինքնուրույնության ոչնչացման օգտին քվեարկողները գործել են շահերի բախման պայմաններում:
Օրինագիծը սահմանում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը հասանելիություն կստանա բյուրոյի բոլոր գործերին կամ կկարողանա նման հասանելիություն տրամադրել ցանկացած այլ դատախազի: Նա նաև կկարողանա բյուրոյից վերցնել ցանկացած գործ, կարճել այն կամ հանձնել այլ մարմինների քննությանը։ ՈւԱՀԲ-ը բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կասկածներ կարող է առաջադրել միայն գլխավոր դատախազի հաստատմամբ:
Առայժմ ոչ մի եվրոպացի պաշտոնյա որևէ կերպ չի մեկնաբանել Զելենսկու գործողությունները։ Միևնույն ժամանակ ուկրաինացի հետաքննող լրագրող Յուրի Նիկոլովը գրել է․ «Իսկ եթե ասեմ, որ ՈւԱՀԲ-ը ոչնչացվում է այն պատճառով, որ անդրադարձել է դրոնների թեմայի՞ն։ Եվ այնտեղ գաղտնի պայմանագրերով տասնյակ միլիարդավոր գրիվնաներ են տվել Զելենսկու, Երմակի և Արախամիայի գործընկերների ընկերություններին: Չգիտեմ՝ գիտեն արդյոք այս մասին Արևմուտքում, որից Զելենսկին գումար է խնդրում իր «ախպերների» պաշտպանության ու շահի դիմաց վճարելու համար»։
Բյուրոն այսուհետ լիովին ենթարկվելու է գլխավոր դատախազին, իսկ գլխավոր դատախազը՝ Զելենսկուն։
Նշենք, որ իշխանությունից անկախ հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը «հաջողված բարեփոխումների» թվում էր, որոնք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ուկրաինայի կողմից ԵՄ-ին անդամակցելու չափանիշների կատարման օրինակ էր անվանում։ Միաժամանակ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը պնդում են, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո են ներթափանցել ռուսական հատուկ ծառայությունները: «Transparency International»-ը դատապարտել է ՈւԱՀԲ-ի վրա «զանգվածային» ճնշումը, G7-ը «լուրջ մտահոգություն» է հայտնել: