ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հերթական հարվածի հետևանքով ՌԴ բելգորոդի մարզում 3 մարդ վիրավորվել, որոնցից 2-ն անչափահասներ են։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովի տվյալներով՝ հարվածի հետևանքով Իլեկ-Պենկովկա գյուղում մասնավոր տուն է ավերվել:
«Ինքնապաշտպանության ուժերի գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել փլատակներում հայտնված կնոջը։ Վնասվածքներ են ստացել նաև մոտակայքում գտնվող 16 և 17 տարեկան երկու դեռահասները: Բոլորին տեղափոխել են Կրասնայա Յարուգայի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Նախնական տվյալով` կինը ստացել է փակ գանգուղեղային և գլխի վնասվածքներ, դեռահասներից մեկը՝ որովայնի բութ վնասվածք, մյուսը` պատռվածք և ձեռքի կոտրվածք»,- գրել է Գլադկովը Telegram–ում։
Բոլոր տուժածները հետագա բուժման համար կտեղափոխվեն Բելգորոդի բժշկական հաստատություններ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։