ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ուղիղ եթերի ձևաչափով մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ տարբեր փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։ Այդ մասին նա նամակ է գրել կալանավայրից։
Նա նաև գրել է, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։
«Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ»,– գրել է Հակոբյանը։
Նա խոստացել է առաջիկայում սպասվող տարածաշրջանային վտանգավոր զարգացումների մասին, ինչպես նաև` թե ինչպիսի ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում և ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը թեմաներով գրել իր հաջորդ նամակներում։
Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել է հուլիսի 18–ին` 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվեց հուլիսի 19–ին։