ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Գիշերը 2 տղամարդ փախուստի են դիմել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուստի:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
«Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի»,–գրում է կայքը:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: