ՀՀ–ում երեխաների մոտ գերքաշություն է նկատվում. նախարարությունը վերանայել է սննդի նորմատիվը

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում, այդ պատճառով վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:
«Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա»,– պարզաբանել են նախարարությունից:
Ըստ սննդի նոր նորմատիվի` կիրականացվեն հետևյալ փոփոխությունները.
Կարդիականացվեն սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
Կավելացվեն ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
Շաքարի միջին օրաբաժինը կնվազեցվի ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):
Կթույլատրվի որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:

Չի թույլատրվի

Կրեմային հրուշակեղեն,
Քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
Շոկոլադ,
Շոկոլադապատ արտադրանք,
Աղանդեր (բացառությամբ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
Կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):
Բացի այդ, նախարարության փոխանցմամբ` արդեն իսկ ավելի քան 2 անգամ նվազեցվել է օգտագործվող աղի քանակը։
«Ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով: Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում»,– ընդգծել են ԱՆ–ից:
Գերտեսչությունից տեղեկացնում են, որ ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: