Հնդկաստանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Պակիստանին սահմանակից նահանգում

Զորավարժությունները կանցկացվեն Բարմեր և Ջոդհպուր քաղաքների միջև ընկած տարածքում հուլիսի 23-25-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պատրաստվում են խոշոր զորավարժություններ անցկացնել Պակիստանին սահմանակից Ռաջաստան նահանգում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օդաչուներին ուղղված ծանուցմանը (NOTAM):
Փաստաթղթի համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն Բարմեր և Ջոդհպուր քաղաքների միջև ընկած տարածքում հուլիսի 23-25-ը։
Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: