AZAL-ի օդանավի վթարի գործով ՌԴ–ն սպասում է քննչական գործողությունների արդյունքին. Պեսկով

Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը հույս ունի` Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Մոսկվան սպասում է «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման գործով ընթացող քննչական գործողությունների արդյունքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ դիմելու համար՝ կապված Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետ:
«Ընթանում են քննչական գործողություններ, անցկացվում է քննություն։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի (տվյալ դեպքում դա Ադրբեջանի իրավունքն է), մենք պկսպասենք ընթացող բոլոր քննչական գործընթացների աշտոնական արդյունքներին», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով իրավիճակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի։
«Երբեմն երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Հիմա հենց դրանցից մեկն է։ Մենք հույս ունենք, որ այդ ժամանակահատվածը կանցնի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի վերջին իրադարձությունները չեն հանգեցնի ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների խզմանը։
Հիշեցնենք` Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահից այն բանի համար, որ ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում: