Ռուսաստանը պատրաստ է արագ շարժվել ուկրաինական կարգավորման հարցում. Կրեմլ

Ռուսական կողմը նշում է, որ ուկրաինական կարգավորումը երկարատև և բարդ գործընթաց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է արագ շարժվել ուկրաինական կարգավորման հարցում, սակայն Մոսկվայի համար գլխավորը իր նպատակներին հասնելն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները:
«Ռուսաստանը պատրաստ է արագ շարժվել։ Մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Մեր նպատակները հասկանալի են, դրանք ակնհայտ են, դրանք չեն փոխվում», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կարգավորումը երկար և բարդ գործընթաց է, որը ջանքեր է պահանջում, և Վաշինգտոնը սկսում է ավելի ու ավելի հստակ հասկանալ դա: Թրամփը, չնայած իր բավական կոշտ ու շիտակ դիրքորոշմանը, հաստատում է իր մտադրությունը շարունակել ամեն ինչ անել, որպեսզի նպաստի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է ուկրաինական կարգավորումը հնարավորինս շուտ խաղաղ հուն տեղափոխելու իր ցանկության մասին:

Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը, սակայն Կիևից առաջարկներ դեռ չկան: Մոսկվան սպասում է ուկրաինական կողմի առաջարկին հանդիպումների երրորդ փուլի ժամկետների վերաբերյալ։