Փչովի նավակով Սևանա լճում կորած ամուսիները հայտնաբերվել են

Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Ոչ միայն ուժեղ քամին է խոչընդոտել նամակի ընթացքը, այլ նաև այն, որ թիավարելու համար նախատեսված թիերից մեկը կոտրվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, այսօր հայտնաբերվել են Սևանա լճում կորած համարվող և որոնվող երևանցի ամուսիններ 60–ամյա Էմիլ Ա.–ն և 60–ամյա Արև Ա.–ն: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ամուսինները կորել էին երեկ` ժամը 15։40–ի սահմաններում, երբ Ծափաթաղ գյուղին հարակից Սևանի լճի ափից ռետինե փչովի նավակով նավարկել են դեպի լճի խորքը ու մի քանի ժամ չեն վերադարձել։
Կայքի տեղեկություններով` ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները և հրշեջ–փրկարարները գիշերը որոնողական աշխատանքների արդյունքում նրանց գտել են ժամը 03:50–ի սահմաններում։
Ամուսինները ոստիկանության Ճամբարակի բաժնում հայտնել են` երբ փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը, և քամին նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։ Ոչ միայն ուժեղ քամին է նրանց խոչընդոտել, այլև թիավարելու համար նախատեսված թիերից մեկը կոտրվել է։
Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։