ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանը և «եվրաեռյակը» համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, սակայն ամսաթիվն ու վայրը դեռևս որոշված չեն, հաղորդում է Tasnim-ը։
«Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել երեք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Tasnim-ի աղբյուրի խոսքով՝ բանակցությունների անցկացման վերաբերյալ համաձայնություն կա, սակայն ժամանակի և վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
«Եվրաեռյակը» և Իրանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունները արդյունք չտվեցին, և նախատեսված վեցերորդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածներից հետո։ Այնուհետև Իսրայելի բանակը հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա՝ թիրախային հարվածների միջոցով, որոնց հետևանքով զոհվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ և ֆիզիկոսներ։ Թեհրանը պատասխանեց՝ հրթիռային հարվածներով և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծելով Թել Ավիվը։