ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
CASAREX 2025 անվանումով համատեղ ծովային որոնողափրկարարական զորավարժությունները կսկսվեն հուլիսի 21-ին և կտևեն երեք օր: Զորավարժություններն անցկացվելու են Իրանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի բազայում՝ «Միասին հանուն անվտանգ և հուսալի Կասպից ծովի» կարգախոսով:
Առաջիկա զորավարժություններին կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ՌԴ ռազմածովային ուժերի զինծառայողները: Ներկա կլինեն նաև դիտորդներ մերձկասպյան մի շարք պետություններից:
Զորավարժությունների նպատակը ծովային անվտանգության մակարդակի բարձրացումն է և մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ամրապնդումը: