ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր` կեսգիշերնանց, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնում այս դեպքի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ժամը 00:20–ի սահմաններում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Infinity» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52–ամյա Արմեն Պ.–ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50–60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։