ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Արմավիրի մարզի Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը ջրազրկված են, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Նշվում է, որ ջրամատակարարման խափանման պատճառը խողովակաշարի վթարն է։
«Ինչ–որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով»,– նշված է հաղորդագրությունում:
Ընկերությունը փորձում է լուծել խնդիրը, միաժամանակ պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ ապօրինի գործունեություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար: