ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ WhatsApp-ը (որը պատկանում է ամերիկյան Meta* ընկերությանը) հանրահայտ մեսենջեր է, այդ թվում՝ Ռուսաստանում, և այն պարտավոր է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության օրենքներին։
«WhatsApp-ը, ընդհանուր առմամբ, ամենատարածված ծառայությունն է շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Հանրաճանաչության առումով այն թիվ մեկ ծառայությունն է։ Եվ, ինչպես բոլոր ծառայությունները, իհարկե, որոշակի պարտավորություններ ունի ՌԴ օրենքների համաձայն։ Բոլոր օրենքները պետք է կատարվեն», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահ Անտոն Գորելկինը կարծում է, որ ժամանակն է, որ WhatsApp-ը պատրաստվի դուրս գալ ռուսական շուկայից, մեծ հավանականություն կա, որ այն կներառվի Ռուսաստանի կառավարության կողմից մշակվող սահմանափակումների ենթակա անբարյացակամ երկրների ծրագրային ապահովման ցանկում։ Նրա խոսքով՝ WhatsApp-ին կարող է փոխարինել Ռուսաստանի ազգային Max մեսենջերը։
*ՌԴ–ում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է։