Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Էներգոդարին. կին է վիրավորվել

Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Էներգոդարին
Հարվածներից մեկը եղել է մանկապարտեզի տարածքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր ուկրաինական զորքը փողային հրետանուց հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգոդար արբանյակային քաղաքին, տեղի բնակչուհի է վիրավորվել, հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Գիշերը Ուկրաինայի ռազմական կազմավորումները փողային հրետանուց գնդակոծել են քաղաքը։ Էներգոդարի բնակչուհի է վիրավորվել, նրան տեղափոխել են ՌԴ Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության 145-րդ բժշկական սանմաս, որտեղ նա ստանում է անհրաժեշտ ողջ օգնությունը», – գրել է Պուխովը Telegram–ի իր ալիքում։
Նրա խոսքով` հարվածներից մեկը հասցվել է փակ մանկապարտեզի տարածքին։
«Հրետակոծության հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի տան պատուհանները։ Զգույշ եղեք։ Թշնամին փորձում է վախեցնել Էներգոդարի բնակիչներին և ոչնչի առաջ չի կանգնում` հարվածներ հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին», – նշել է Պուխովը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Բլոկների և տեղադրված հզորության քանակով այն ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից կայանը գտնվում Է ՌԴ-ի վերահսկողության ներքո։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։