ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դադարեցրել է Գերմանիայի կառավարության հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, համապատասխան կարգադրությունը ստորագրվել է։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է գերմանական կողմին տեղեկացնել ընդունված որոշման մասին։
Համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին։ Մոսկվան և Բեռլինը պայմանավորվել էին, որ կնպաստեն ռուսական և գերմանական ձեռնարկությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում ավելի վաղ նշել էին, որ ներկա պայմաններում համաձայնագիրը կորցրել է իր իմաստն ու գործնական նշանակությունը, բացարձակապես չի համապատասխանում ռուս-գերմանական միջպետական հարաբերությունների ներկա վիճակին, որը ստեղծվել է Գերմանիայի իշխանությունների բացահայտ թշնամական քաղաքականության և գերմանական կառավարության ավելի ու ավելի ագրեսիվ, ռազմատենչ նկրտումների պատճառով:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ Գերմանիայի ղեկավարությունը նպատակաուղղված կերպով իր բնակչությանը հակառուսական գաղափարներ է ներարկում, ռազմաքաղաքական իրավիճակի սրացում հրահրում: