ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը այսօր զրուցել են հեռախոսով և քննարկել են ուկրաինական հակամարտությունը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև ստամբուլյան բանակցությունների հավանական երրորդ փուլը:
«Էրդողանն ասել է` կարևոր է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, և որ Թուրքիան կշարունակի ընդունել բանակցությունները, երբ կողմերին հարմար ժամկետ որոշվի», - հայտնել են գրասենյակից:
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին։
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի 16-ին: Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, որոնց արդյունքում գերիների փոխանակում է իրականացվել, և Ռուսաստանը զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ է փոխանցել Կիևին։ Բացի այդ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր են փոխանցել միմյանց։
Ինչպես հուլիսի 1-ին հայտարարեց Պեսկովը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են։ Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին։