ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում: Այդ մասին Sputnik Ամենիային հայտնեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր սոցցանցում գրել էր` ժամանակն է, որ ՄՊՀ–ն զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։
«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները»,– հայտնեց Սմբատյանը։
Հուլիսի 11-ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Թե այս պահին որքան մեքենա կա սահմանին, հայտնի չէ։ Պապոյանն այսօր հայտնել էր, որ միայն հուլիսի 17–ին ՀՀ է մտել հեղուկ գազով բեռնված 77 մեքենա։