Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի մի շարք ղեկավարների ոչնչացման մասին

Իսրայելցի զինվորականները հայտնում են նաև ՀԱՄԱՍ-ի իրավաբանական բյուրոյի ղեկավար Ֆարաջ ալ-աուլի ոչնչացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հյուսիսում իրականացված գործողության ընթացքում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Անցյալ շաբաթ ՑԱԽԱԼ-ի ուժերը հարված են հասցրել և ոչնչացրել ահաբեկիչ Բարհում Շահինին, որը պատասխանատու էր Գազայի արևմտյան շրջանի ընդհանուր անվտանգության ստորաբաժանման համար, և ահաբեկիչ Աշամ Ցարցուրին՝ ՀԱՄԱՍ-ի կառավարության՝ Գազայի արևելյան հատվածում արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարին», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ սպանված անձինք ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին օգնել են վերահսկողություն իրականացնել հատվածի բնակչության նկատմամբ՝ օգտագործելով բռնաճնշումների մեթոդներ: Բացի այդ, իսրայելցի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի իրավաբանական բյուրոյի ղեկավար Ֆարաջ ալ-աուլին:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ ծավալով հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցնելով ավելի քան 200 պատանդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվել են կարճատև զինադադարներով, տարածվել են նաև դեպի Լիբանան և Եմեն։