ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18–րդ փաթեթում չինական 2 բանկ է ներառել

Բանկերի գլխամասային գրասենյակները գտնվում են Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջանին սահմանակցող նահանգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառել է չինական «Suifenhe Rural Commercial» և «Heihe Rural Commercial» բանկերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «South China Morning Post» (SCMP) թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Բանկերի գլխամասային գրասենյակները գտնվում են Չինաստանի հյուսիս-արևելյան Հեյլունցզյան նահանգում, որը սահմանակից է Ռուսաստանի հեռավորարևելյան տարածաշրջանին:
Պարբերականի տվյալներով՝ չինացի դիվանագետները Բրյուսելում փորձել են կանխել այդ բանկերի հայտնվելը պատժամիջոցների ցուցակում։ ՉԺՀ-ի երկու ֆինանսական ինստիտուտների դեմ սահմանափակումների մասին որոշումն ընդունվել է ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հուլիսի 24-25-ը: Թերթի աղբյուրները նշում են, որ ԵՄ-ն կարող է պատժամիջոցների ցուցակներից վեց ամիս անց հանել նշված բանկերը, եթե նրանք ապացուցեն գործարքների դադարեցման փաստը, որոնք, Եվրամիության ներկայացուցիչների պնդմամբ, իրականացվում են ի շահ ՌԴ ռազմարդյունաբերության ձեռնարկությունների:
Ավելի վաղ SCMP-ն հայտնել էր, որ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին երեք-չորս անգամ զգուշացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին, որ եթե չինական բանկերն ընդգրկեն ԵՄ պատժամիջոցների ցուցակում, Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի։
«Երկսայր զենք». Պեսկովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին