ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սիրիայում բռնությունների կրկնությունները խաթարում են երկրում անցումային գործընթացի նկատմամբ վստահությունը և սպառնում են երկրի պետականությանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Սիրիայի հարավում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին ՌԴ–ն վճռականորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ բռնության ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե ով և ինչ պատրվակով է կատարում այդ գործողությունները։
«Բռնության բռնկումների նման ռեցիդիվները ոչ միայն խաթարում են Սիրիայի էթնո-կոնֆեսիոնալ կայունությունը և անցումային գործընթացի նկատմամբ վստահությունը, այլև սպառնում են բուն սիրիական պետականությանը», – ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Ավելի վաղ Syria TV-ն, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդել էր, որ Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա նահանգում վերսկսվել են բեդվին ցեղերի և զինված խմբավորումների միջև բախումները։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները (Իսրայելի կառավարության աջակցությամբ)։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ բախումների ժամանակ ավելի քան 30 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը` վիրավորվել։
Հուլիսի 15-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներքին գործերի նախարարության ուժերի հետ զորք է մտցնում Սուվեյդա քաղաք, գործողության նպատակը քաղաքը անօրինական զինված խմբավորումներից մաքրելն է։
Իշխանությունները հակամարտության բոլոր կողմերին կոչ արեցին համագործակցել բանակի և ներքին անվտանգության ուժերի հետ և զսպվածություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ իրավիճակի սրացումը միայն կխորացնի խաղաղ բնակչության տառապանքները։
Հուլիսի 16-ին Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Սիրայի զինված ուժերի և զինված խմբավորումների միջև համաձայնություն է ձեռք բերվել Սուվեյդա նահանգում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Սիրիայի հարավում դրուզ համայնքի առաջնորդներից մեկը՝ շեյխ Յուսեֆ Ջարբուան, հայտարարեց, որ համայնքը համաձայնության է եկել սիրիական իշխանությունների հետ Սուվեյդայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: