ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները ուրանի (ռադիոակտիվ քիմիական տարր) ապօրինի վաճառքի և գնման համար Բաթումում ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու և մի օտարերկրացու: Այս մասին հայտնել է երկրի Պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն։
«Հակահետախուզության և հատուկ գործողությունների դեպարտամենտի աշխատակիցները համատեղ միջոցառման արդյունքում ուրանի ռադիոակտիվ քիմիական տարրի ապօրինի առքուվաճառքի փաստով Բաթումում ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու և մեկ օտարերկրացու։ Նրանք ծրագրել էին 3 միլիոն դոլարի չափով ուրանի ապօրինի վաճառք»,- հայտարարել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ տվյալ միջուկային նյութն օգտագործվում է տարբեր պայթուցիկ սարքեր պատրաստելու, ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 230-րդ հոդվածով, որը տվյալ հանցանքի համար որպես պատիժ սահմանում է 5-10 տարվա ազատազրկում: