«Ուրարտուն» խոշոր հաշվով զիջեց «Նեմանին» ու դուրս մնաց պայքարից

ՈւԵՖԱ-ի կողմից բելառուսական թիմերի նկատմամբ կիրառվող ահմանափակումների պատճառով «Նեման» - «Ուրարտու» պատասխան խաղը կայացավ Հունգարիայի Դյեր քաղաքում, առանց հանդիսականների։ Հայկական թիմին հաջորդ փուլ դուրս գալու համար հարկավոր էր միայն հաղթանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 0։4 հաշվով պարտվեց Գրոդնոյի «Նեմանին» ու դուրս մնաց հետագա պայքարից։
Ինչպես և Երևանում առաջին մրցակցությունում՝ խաղն ընթանում էր ոչ արագ տեմպով։ Մասնավորապես առաջին խաղակեսում վտանգավոր պահեր գրեթե չկային։ Բելառուսները կոշտ խաղի էին դիմում՝ փորձելով ուղղակի կասեցնել «Ուրարտուի» առաջխաղացման տարբերակները։ Նման պայմաններում կարևոր դեր խաղաց սխալը, որը թույլ տվեցին մեր պաշտպանները։ Եվգենի Ցիմբալյուկը ճիշտ փոխանցում չկատարեց, ու գնդակին տիրելով՝ Պավել Սավիցկին այն ուղարկեց մեր թիմի դարպասը։ Բայց դրանով չավարտվեց մեր թիմի ձախողումը։
Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց։ Թիմերից ոչ մեկը կարծես թե առավելություն չուներ, բայց սխալվում էին միայն մերոնք։ Եվ նման սխալից հետո էլ Անտոն Սուչկովը առանց որևէ դիմադրության գլխի հարվածով կրկնապատկեց «Նեմանի» առավելությունը, ապա Սերգեյ Պուշնյակովը մեր երկու պաշտպանների հետ պայքարում երրորդ գնդակն ուղարկեց «Ուրարտուի» դարպասը։
Խաղավերջում «Նեմանը» խփեց նաև 4-րդ գնդակն ու վստահ հաղթանակ տոնեց։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 6։1՝ «Նեմանի» օգտին։ Այլ փոփոխություն հաշվի մեջ այլևս չգրանցվեց։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, ինչպես և առաջինում, Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։ «Փյունիկից» բացի, երկրորդ փուլում հանդես կգա նաև «Արարատ-Արմենիան», որի մրցակիցն է լինելու ռումինական «Ունիվերսիտատա Կլուժ» թիմը։