ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Զինված ուժերի Resolute Force Pacific լայնամասշտաբ զորավարժություններին ճապոնական ինքնապաշտպանական օդուժի մասնակցության կապակցությամբ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Հուլիսի 16-ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել ԱՄՆ Զինված ուժերի Resolute Force Pacific լայնամասշտաբ զորավարժություններին ինքնապաշտպանության օդուժի մասնակցության կապակցությամբ, որոնք տեղի կունենան հուլիսի 9-ից օգոստոսի 4-ը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հեռավորարևելյան սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող ռազմաուսումնական բազաներում», - ասված է գերատեսչության կայքում:
Նախարարությունում նշել են, որ դրա հետ մեկտեղ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության կողմից ուղիղ ակնարկներ են հնչել, որ այդ միջոցառումների անհրաժեշտությունը թելադրված է իրենց պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված` Ռուսաստանի միջոցների ակտիվացմամբ:
ՌԴ ԱԳՆ–ում նշել են, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում նման անպատասխանատու գործունեությունը, որն ունի զինված հակամարտության նախապատրաստման բոլոր հատկանիշները։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար դա պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում և անխուսափելիորեն կառաջացնի համարժեք հակազդեցություններ։