ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հպարտանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր ֆիլմով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ եմ հպարտանում դրանով։ Կարծում եմ, որ այն նախկինի պես արդիական է։ Ես նրան կարևոր հարցեր եմ ուղղել, առաջին հերթին` Ուկրաինայի մասին։ Դա լուրջ խնդիր էր արդեն 2016 թվականին», – նշել է նա։
Սթոունը հավելել է, որ ինքն առաջվա պես հետաքրքրված է Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերություններով։ Նա ափսոսանք է հայտնել 2014 թվականի իրադարձություններից հետո երկկողմանի կապերի վատթարացման կապակցությամբ, որոնք, իր կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում հրահրված հեղաշրջման հետևանք էին։
Նրան հարցրել են նաև` հնարավո՞ր է, որ Դոնալդ Թրամփի մասին էլ ֆիլմ նկարահանի։ Ռեժիսորը պատասխանել է, որ ԱՄՆ նախագահն անկանխատեսելի քաղաքական գործիչ է, որի իմպուլսիվ որոշումները հակասում են լավ գործարարի բնութագրին։