ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Իսրայելը կշարունակի ապառազմականացման քաղաքականությունը Դամասկոսից հարավ ընկած տարածքում և սիրիական իշխանություններին և խմբավորումներին թույլ չի տա վնաս հասցնել տեղի դրուզներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն. նախ՝ տարածքի ապառազմականացում Դամասկոսից հարավ` Գոլանի բարձունքներից մինչև Դրուզական լեռներ (Ջեբել-Դրուզ, լեռնային զանգված Սիրիայի հարավում - խմբ.): Երկրորդը՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունն է», - հայտարարել է Նեթանյահուն Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ տեսաուղերձում։
Վարչապետի խոսքով՝ ընթացիկ շաբաթվա մեջ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Սիրիային, քանի որ այդ երկրի իշխանությունները խախտել են վերը նշված երկու սկզբունքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Սուվեյդա նահանգում մի շարք դրուզական (էթնիկ խմբեր, որոնց աջակցում է Իսրայելի կառավարությունը-խմբ.) բնակավայրերի վրա սիրիական զինված խմբավորումների հարձակման մասին, ինչի հետևանքով փակվել էր նաև նահանգը Դամասկոսին կապող մայրուղին: Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար դրուզական ինքնապաշտպանական ջոկատները բախումներ են սկսել զինյալների հետ։
Դրուզներին աջակցելու նպատակով Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 16-ին հարված է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին: Սիրիայի հետ հակամարտության սրման ֆոնին Իսրայելի բանակը նաև հայտարարել է Գոլանի բարձունքներ երկու դիվիզիա տեղափոխելու պատրաստակամության մասին:
Իսրայելի վարչապետ Բենիաին Նեթանյահուն երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է սիրիական փոքրամասնության՝ դրուզների փրկության գործողության մասին: Իսրայելական զորքերը տեղափոխվում են Սիրիայի գրավյալ տարածք։ Նրանք կարող են գրավել այն տարածքը, որտեղ ապրում են դրուզները, այսինքն՝ Սիրիայի տարածքի 5-10%-ը։