ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Արմատական ընդդիմությունն ու սատարող ուժերն իրենց քաղաքական օրակարգը կառուցում են վիզաների ազատականացման հնարավոր վերացման հետ կապված սպառնալիքների շուրջ, որպեսզի վրացի ժողովրդին ստիպեն իշխանության բերել այն ուժերին, որոնք պատրաստ են երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, հաղորդում է Sputnik Գրուզիան:
Միգրացիայի հարցերով Եվրահանձնաժողովը Վրաստանի ԱԳՆ-ին նամակ է ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել առանց վիզայի ռեժիմի պահպանման համար վերջին պայմանների կատարման մասին, որոնց թվում են «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի չեղարկումն ու ԼԳԲՏ* քարոզչության արգելքը:
Միակ գլխավոր «կռվանը», որ մնացել է նրանց, ներքին անկարգություններն օգտագործելու, մեր ժողովրդի վրա ազդելու փորձն է։ Եվ ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Ահաբեկող ուղերձներով՝ կապված վիզայի ազատականացման հետ», - հայտարարել է Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ եթե Վրաստանը հաստատուն որոշում կայացնի և չտրվի ճնշմանը, այդ լծակը կդադարի աշխատել։ Մդինարաձեն քիչ հավանական է համարում, որ առանց վիզայի ռեժիմն իրապես կկասեցվի, թեև ճնշման փորձերը կարող են շարունակվել։
Վրաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, 2017 թվականի մարտի 28-ից կարող են առանց վիզայի զբոսաշրջային և գործնական ուղևորություններ իրականացնել Եվրամիության երկրներ մինչև 90 օր ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիսը մեկ անգամ:
Վրաստանին այդ արտոնությունից զրկելու հարցը վերջին տարիներին բարձրացվել է մի քանի անգամ։ Պատճառները տարբեր էին, այդ թվում էր նաև երրորդ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի խստացումը, բացի այդ, ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների մեծ թիվը:
Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ առաջին որոշումը ԵՄ Խորհուրդն ընդունել է այս տարվա հունվարի 27-ին և վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը (ընդ որում, նրանք կարող են ԵՄ մեկնել սովորական անձնագրերով):
Որոշումն ընդունվել է ի պատասխան 2024 թվականին Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունման. վերջին ակտն արգելում է ԼԳԲՏ* քարոզչությունը: ԵՄ-ն կարծում է, որ այդ օրենքները խաթարում են Վրաստանի բնակչության հիմնական իրավունքները։
* ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում։