Ինչո՞ւ է փլուզվել Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկի մայթը. մանրամասներ

Քաղաքային իշխանությունը վստահեցնում է` խնդիրը կարգավորված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկում մայթի փլուզումն աստիճանների վերականգնման շինարարական աշխատանքների հետևանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկի փլուզված մայթը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկում հիմք փորելու հետևանքով փլուզվել է մայթը, վնասվել են էլեկտրալարերը։
«Այդ աստիճանների վերականգնման աշխատանքների հարևանությամբ բնակելի շենքի կառուցապատում է իրականացվում, սակայն այժմ շենքի կառուցման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Ներկայում իրականացվում են Երևան համայնքին պատկանող հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի աստիճանների վերականգնման աշխատանքները», – մանրամասնեց Խոջայանը։
Թե որն է փլուզման բուն պատճառը, քաղաքային իշխանության ներկայացուցիչը չհայտնեց, սակայն վստահեցրեց, որ առավոտյան մասնագետները տեղում են եղել, իսկ այժմ խնդիրը կարգավորված է։
«Հենասյունն են վերականգնել, որպեսզի հոսանքի և ինտերնետի լարերն ամբողջությամբ վերականգնվեն ու ժամանակավորապես տեղադրվեն այդ սյան վրա։ Շինհրապարակի կողքով հետիոտնի համար նախատեսված անցուղի կար, որոշակի փոփոխություն է արվել, և այն կազմակերպվել է անվտանգ հատվածով, որպեսզի եթե հանկարծ փլուզում լինի, վտանգավոր չլինի մարդկանց համար։ Բայց ասեմ, որ նույն հատվածում փլուզում բացառում եմ», – նշեց Ռուբեն Խոջայանը։
Ըստ Խոջայանի՝ տարածքում տեսանելի մեծ փոսը բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքների արդյունք է։
Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկի փլուզված մայթը