3 անչափահաս երեխաների մոր` Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխվեց. Փոստանջյան

Նախկին պատգամավորը նշում է, որ դատարանը նման որոշում չէր կայացնի, եթե չլիներ ՄԻԵԴ–ի միջամտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. 3 անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր` Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և երկրից չբացակայելու արգելքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Նա ազատ է լինելու իր շարժերի մեջ, բայց մարմնին ամրացված է լինելու տնային կալանքն ու վարչական հսկողությունը ապահովող սարք, որպեսզի նրա շարժը տեսնեն։ Կարծում եմ, այս դեպքում նույնիսկ դրա կարիքը չկար, որովհետեւ այնպես չէ, որ 3 անչափահաս երեխաների մայրը, ում խնամքին է նաև իր հիվանդ մայրը, եսիմ ուր է գնալու կամ եսիմ ինչ է անելու»,– ասաց Փոստանջյանը։
Փաստաբանը նշեց նաև, որ դատարանը նման որոշում չէր կայացնի, եթե չլիներ ՄԻԵԴ–ի միջամտությունը։
«ՄԻԵԴ–ն արագ արձագանքել էր իմ ներկայացրած բողոքներին, որոնց արդյունքում նաև ՀՀ արդարադատության նախարարը և ՔԿՀ–ների պետը այցելել էին Լիանա Հարությունյանին»,– ասաց նա։
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ ամեն ինչ անելու է արդարացման դատական ակտ ունենալու համա, քանի որ վստահ է, որ իր պաշտպանյաալը անմեղ է։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պահվող երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։
Հավելենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։