ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրել է հայտարարություններ, որոնք բացահայտ հակասում են ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, որոնք երաշխավորում են թե՛ կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը, թե՛ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ խստորեն դատապարտելով վարչապետի դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։
«Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավելի պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը։ Պետական իշխանության բարձրագույն ղեկավարը հրապարակայնորեն միջամտում է մի կառույցի ներքին գործերին, որի «նորոգման» կարգը կարող է որոշել միայն եկեղեցական կանոնական իրավունքը, ոչ թե Հայաստանի գործադիր մարմնի ղեկավարը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Խորհուրդը կարծում է, որ նման ելույթներն արհեստականորեն բաժանում են հոգևորականներին «ճիշտ» ու «սխալ» խմբերի՝ սերմանելով անվստահություն և ստեղծելով վտանգավոր նախադեպ, որտեղ քաղաքական իշխանությունը իրեն իրավունք է վերապահում չափել հավատքի սահմանները։ Վստահ են, ոչ սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլև սպառնում է վերածվել «վհուկների որսի», երբ անհնազանդ ձայները կարող են լռեցվել պետական լծակներով։
Խորհուրդն ընդգծում է, որ Փաշինյանը հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքի նորմերին, որոնցում հստակ շեշտվում է՝ պետությունը պետք է զերծ մնա եկեղեցական կառույցները «բարեփոխելու» փորձերից։
Կոչ են անում երկրի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել նման ելույթներն ու վերադառնալ սահմանադրականության դաշտ, որտեղ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե առաջնորդելու է վեհարանն ազատելու գործընթացը այնպես, ինչպես դա արեցին 2018 թվականին, երբ Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից։