«Նոան» ոչ-ոքի խաղաց «Բուդուչնոստի» հետ ու անցավ Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Բուդուչնոստի» նկատմամբ 1։0 հաշվով «Նոայի» հաղթանակը հաջորդ փուլ անցնելու հույսեր էր տվել։ Բայց Մոնտենեգրոյի թիմն էլ վստահ էր, որ անցնելու է հաջորդ փուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան արտագնա խաղում 2։2 ավարտեց հանդիպումը «Բուդուչնոստի» հետ։
Հանդիպման մեկնարկային րոպեներից «Նոան» ցույց տվեց, որ անտեսել է առաջին խաղում գրանցված նվազագույն հաշվով հաղթանակը և ժամանել է Պոդգորիցա հաղթանակի հետևից։ Մեր թիմը ճնշում էր մրցակցին, ու այս խաղում էլ ակնհայտ էր «Նոայի» ավելի բարձր կարգը մրցակցի նկատմամբ։ Խաղի 6-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։ Հայկական թիմի հաջողությունը խաղի մեկնարկում ու տարածքային առավելությունը հունից հանեց Մոնտենեգրոյի չեմպիոնի որոշ ֆուտբոլիստների։ Այլ կերպ չես բացատրի Իվան Բուլատովիչի հեռացումը։
Գուստավո Սանգարեյի նկատմամբ «Բուդուչնոստի» ֆուտբոլիստը խախտեց կանոնները, ու չգիտես ինչու՝ մրցավարի որոշմանը շատ բուռն դժգոհությամբ արձագանքեց Իվան Բուլատովիչը։ Նա երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։ «Նոան» ոչ միայն առջևում էր հաշվի մեջ, այլ նաև մեկ ֆուտբոլիստ ավել ուներ խաղադաշտում։ Եվ հանդիպման 27-րդ րոպեին հայկական թիմը հասավ նոր հաջողության։
Չնայած Գրեգորիուն չօգտագործեց մրցակցի դարպասը գրավելու հիանալի հնարավորությունը, բայց Ալեն Գրգիչը ուղղեց թիմակցի սխալն ու դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը։ Մինչև ընդմիջում հաշվի մեջ այլ փոփոխությոն չեղավ։ Իսկ ահա երկրորդ կեսում «Նոան» կարծես թե համարեց, որ արդեն իր նպատակին հասել է, և դաշտի տերերին մի քանի վտանգավոր պահեր ստեղծելուց հետո հաջողվեց նվազագույնի հասցնել «Նոայի» առավելությունը՝ 1։2։ Խաղը անմիջապես լարվեց։
Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ «Նոան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, բայց Մաթեուս Այասը հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։ Եվ անմիջապես հետևեց պատիժը։ «Բուդուչնոստը» նետվեց հակագրոհի ու Պետր Գրբիչը հավասարեցրեց հաշիվը։ Մի խաղում, որում հաղթանակը կարելի է ասել ապահովված էր, մեր թիմը դժվարությամբ հասավ ոչ-ոքի արդյունքի։ Բայց առաջին խաղում հաղթանակի շնորհիվ «Նոան» անցավ որակավորման երկրորդ փուլ։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը «Նոան» անցկացնելու է մեկ շաբաթ անց՝ հյուրընկալելով Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին»։