ՀՀ իշխանությունը Եվրոպական ներդրումային բանկից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի համար

«Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրումը Լյուքսեմբուրգում
Նշվում է, որ ծրագիրը պետք է ուղղվի նաև տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համաձայնագիր է ստորագրել Սյունիքի մարզում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար հանրապետությանը 50 միլիոն եվրոյի վարկ տրամադրելու մասին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը Լյուքսեմբուրգում ստորագրել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: Ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյուն։
«Համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը, նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը: