Հայ պատանի բռնցքամարտիկները Սերբիայում 2 ոսկե մեդալ են նվաճել

Սուրեն Կատվալյանի մեդալի հանձնումը
Այսօր երեկոյան ևս մեկ ոսկե մեդալի համար կմրցի 46 կգ քաշային կարգում հանդես եկող Սուրեն Բաբլումյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Հայ պատանի բռնցքամարտիկները Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում։
Այսօր 50 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը հաղթանակ տարավ ռուս մրցակցի՝ Միխայիլ Շարիպովի նկատմամբ և նվաճեց ոսկե մեդալ։
Հայաստանի օրհներգը ևս մեկ անգամ հնչեց Սերբիայում՝ այս անգամ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սուրեն Կատվալյանի պատվին։ Պատանի բռնցքամարտիկը մենամարտում հաղթեց ռուս մրցակից Բոգդան Կերիմովին և ոսկե մեդալակիր դարձավ։
Այսօր ավելի ուշ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 46 կգ քաշային Սուրեն Բաբլումյանը։ Նրա մրցակիցն է սերբ Պավլե Պոպովիցը։
Տիգրան Կիրակոսյանի մեդալի հանձնումը
Հավելենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը Սերբիայում նվաճել է ևս 4 արծաթ։Պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ պատանիների Եվրոպայի առաջնությունն ընթանում է Սերբիայի Նովի Պազար քաղաքում հուլիսի 10-16-ը։