ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո 27 մարդ դիմել է բժշկական օգնության համար, նրանցից 14-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Վորոնեժի մարզում ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացված 12 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի մասին:
«Բժշկական օգնության համար դիմել է 27 մարդ, որոնք տուժել են այսօրվա ահաբեկչական հարձակման հետևանքով։ Նրանցից 14 քաղաքացու հիվանդանոց տեղափոխելու կարիք է եղել (այդ թվում՝ 4 անչափահասի), մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով։ Վորոնեժում վիրավորվածներից երկուսը շարունակում են մնալ ծանր վիճակում»,-հայտնել է Գուսևը Telegram-ալիքում։
Պաշտոնյայի խոսքով՝ երեք ընտանիքի անհրաժեշտ է եղել տեղավորել ժամանակավոր տեղակայման վայրերում։ Նրանց բնակեցնելու են Վորոնեժի կենտրոնում գտնվող առողջարանում։ Մյուսները որոշել են մնալ հարազատների մոտ։
Վորոնեժի քաղաքապետ Սերգեյ Պետրինի տվյալներով՝ վնասվել է ավելի քան 100 բնակարան, յոթ տուն և մեկ տնտեսական շինություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։