«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի դեմ աննախադեպ քանակությամբ պատժամիջոցներ են կիրառվել, բայց երկիրը հաղթահարել է դրանք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի առևտրային գործընկերները սպառնալիքների պատճառով չեն հրաժարվի իրենց պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՇՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «շատ կոշտ» մաքսատուրքեր կսահմանի, եթե ուկրաինական հակամարտության շուրջ 50 օրվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի դեմ «առանց այդ էլ արդեն աննախադեպ քանակությամբ պատժամիջոցներ են հայտարարվել», բայց երկիրը հաղթահարում է դրանք, կհաղթահարի նաև նորերը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրամիությունը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել հակառուսական նոր պատժամիջոցների ձագարը, սակայն վնասը կկրեն հենց այդ պատժամիջոցային պատերազմի հեղինակները:
«Պատժամիջոցները, որոնք սահմանել է ԵՄ-ն և պատրաստում է նորերը, փորձ է այդ դաշտ ներքաշել նաև ԱՄՆ-ին, բայց նախագահ Թրամփը շատ կոնկրետ բացատրել է, որ այդ ամենի համար վճարելու է Եվրոպան։ Այս ամենը, իհարկե, արդեն իսկ վնաս է հասցրել եվրոպական տնտեսությանը։ Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». սահմանափակումների վնասը կկրեն հենց դրանց հեղինակները, Ռուսաստանը հաղթահարում է դրանք», - ասել է Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում աճեց 2,73%-ով ՝ կտրուկ արագացնելով տեմպը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը ակնհայտորեն չի շտապում։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը և ուժերի վերախմբավորման ու վերազինման համար դադարը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար. դա է հատուկ գործողության իմաստը։ Պուտինի խոսքով` խաղաղությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի հարգանքի վրա։
Թրամփը հայտարարել է Եվրոպայի հաշվին Կիևին զենք մատակարարելու գործարքի մասին