ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դադարում գործ ունենալ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հիասթափված եմ նրանից, բայց չեմ դադարում գործ ունենալ հետը»,– նշել է նա բրիտանական հեռուստաընկերության հետ զրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը չորս անգամ մտածել է, որ կկարողանա գործարքի հասնել Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ, երբ Թրամփին հարցրել են Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ վստահություն ունենալու մասին, նա ընդգծել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։
Հիշեցնենք` հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն 100% մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար և երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ գնող երկրների դեմ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 50 օրվա ընթացքում հրադադարի համաձայնագիր չկնքվի։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում աճեց 2,73%-ով ՝ կտրուկ արագացնելով տեմպը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջվա պես սպասում է Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ առաջարկի, սակայն Կիևը ակնհայտորեն չի շտապում։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը և ուժերի վերախմբավորման ու վերազինման համար դադարը՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն պայքարել ռուս ժողովրդի շահերի համար. դա է հատուկ գործողության իմաստը։ Պուտինի խոսքով` խաղաղությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, բոլոր ազգերի օրինական շահերի հարգանքի վրա։