ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ բանավոր ուղերձ է փոխանցել նրան նախագահ Վլադիմիր Պուտինից, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Քննարկվել են բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ քաղաքական շփումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ նախագահի՝ ՉԺՀ այցի նախապատրաստական աշխատանքները՝ ՇՀԿ գագաթնաժողովին և Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմն անդրադարձել է նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի քանի արդիական թեմաների:
«ՉԺՀ նախագահը ողջունել է Ռուսաստանի ղեկավարի՝ Չինաստան սպասվող այցը, որի հետ նրան հին և բարի բարեկամություն է կապում: Սի Ծինփինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների վիճակը և հաստատել է իր միտվածությունը ՌԴ–ի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ընդլայնմանը», – հավելել են ՌԴ ԱԳՆ–ից։
Այսօր Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունենում ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը: ՉԺՀ նախագահը նախ հանդիպում է ունեցել ՇՀԿ–ի նիստին մասնակցող բոլոր ԱԳՆ ղեկավարների հետ, ապա առանձին հանդիպել է Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ: