ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ավելի քան 90 մարդ է զոհվել, ավելի քան 270-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական ագրեսիայի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 93 զոհ և 278 վիրավոր», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել և 58,4 հազարը, տուժել է ավելի քան 139,3 հազարը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև վերցրել ավելի քան 200 պատանդ։
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Կողմերի միջև ռազմական գործողությունները, որոնք ընդհատվել են կարճատև զինադադարներով, տարածվել են նաև Լիբանանի և Եմենի վրա՝ իրավիճակը հասցնելով Իսրայելի և Իրանի միջև հրթիռային փոխադարձ հարվածների: